Հայաստանի և Իտալիայի միջև մշակութային կապի խորհրդանշական միջոցառում տեղի ունեցավ Վենետիկում՝ նշելով մեծանուն հայ գրող Ավետիք Իսահակյանի 150-ամյակը։ Դորսոդուրո թաղամասի N 2266 հասցեում՝ այն տանը, որտեղ Վարպետը ապրել է 1921-1926 թթ․, բացվեց նրա հիշատակին նվիրված հուշատախտակը։
Միջոցառմանը ներկա էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Իտալիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Վենետիկի պրեֆեկտ Դարկո Պելլոսը, Վենետիկի փոխքաղաքապետ Սիմոնե Վենտուրինին, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչներ։
Այս նախագիծը իրականություն է դարձել ԿԳՄՍ և Արտաքին գործերի նախարարությունների համատեղ ջանքերով՝ Վենետիկի հյուպատոսարանի աջակցությամբ, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և Վենետիկի հյուպատոսարանի կազմակերպմամբ։
Ողջունելով ներկաներին՝ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ այսօրվա միջոցառումը խորհրդանշում է երկու երկրների միջև մշակութային երկխոսությունը։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Իտալիայի ժողովուրդներին դարեր շարունակ միավորել են մշակութային ու պատմական խոր կապերը, և մեր մտավորականներն ու մշակութային գործիչները, այդ թվում՝ Ավետիք Իսահակյանը, իրենց ներկայությամբ ամրապնդել են երկու երկրների բարեկամությունը։
Հուշատախտակը, որի ճարտարապետն է Հայկ Ասատրյանը, ունի խորհրդանշական նշանակություն։ Նրա վրա պատկերված է Ռիալտոյի կամուրջը՝ որպես Վարպետի լավագույն բանաստեղծություններից մեկի՝ «Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին․․․», խորհրդանիշ, ինչպես նաև Երերույքի տաճարի զարդանախշը՝ որպես Վարպետի սիրելի ճարտարապետական կառույց։ Հուշատախտակի վրա եղած QR կոդը թույլ է տալիս այցելուներին տեսնել «Իսահակյանը և Վենետիկը» վերնագրով տեսանյութը։
Այս տանը, որտեղ տեղադրվել է հուշատախտակը, Վարպետն ընտանիքով ապրել է 1921-1926 թթ․։ Ինչպես նշում են Իսահակյանի որդու՝ Վիգեն Իսահակյանի հուշերը, այն պարտեզով շրջապատված մի հին առանձնատուն էր, որտեղ Վարպետը ստեղծագործել է իր լավագույն ստեղծագործություններից մի քանիսը, այդ թվում՝ «Լիլիթը», «Ռավեննայում» և «Հայրենիքիս» պոեմները։
Վենետիկում ապրած տարիներին այստեղ հյուրընկալվել են հայ մշակույթի այլ մեծեր՝ Մարտիրոս Սարյանն ու Եղիշե Չարենցը։
Մշակութային երկխոսությունը կշարունակվի նաև Երևանում։ Վարպետի՝ թանգարան դարձած երևանյան առանձնատանը, որի գեղեցիկ այգին ֆրանսահայ քանդակագործ Հարութ Եկմալյանի նախագծով և խորհրդատվությամբ, Երևանի թիվ 4 արհեստագործական քոլեջի հետ համագործակցությամբ կտեղադրվի Ռիալտոյի կամուրջի տեսքով նստարան, որտեղ այցելուները հնարավորություն կունենան բանաստեղծությունն ընթերցել՝ իտալերեն և հայերեն։
