ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովն ապրիլի 21-ի նիստում դրական եզրակացություն է տվել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում կառավարության կողմից ներկայացված փոփոխությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նոր կարգավորումը նախատեսում է ընդլայնել պետական բժշկական հաստատությունների գործադիր մարմինների կազմում ընդգրկված անձանց մասնագիտական կրթության նկատմամբ պահանջները։ Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ այս քայլը կնպաստի ընտրելու ավելի որակյալ և կոմպետենտ կադրեր, որոնց նշանակումը առողջապահական կազմակերպությունների տնօրենների պաշտոններում կբարձրացնի կազմակերպությունների կառավարման և ընդհանուր գործունեության արդյունավետությունը։
Նախարարը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը կարգավորում է աշխատանքային հարաբերությունները 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող բոլոր առողջապահական ընկերություններում, ինչպես նաև քաղաքային բաժնետիրական ընկերություններում և պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում։
«Մենք ընդլայնում ենք պայմանները, քանի որ ՓԲԸ-ն, հանդիսանալով նաև շահույթ ստանալու ձգտող ձեռնարկատիրական կազմակերպություն, պետք է ունենա հնարավորություն ղեկավարության կազմում ընդգրկելու նաև այնպիսի անձանց, ովքեր ունեն համապատասխան կրթություն, որը չպետք է սահմանափակվի միայն բժշկական կրթությամբ։ Նրանք նաև պետք է համապատասխանեն գործադիր մարմիններում աշխատանքի բավարար փորձի պայմանին», – պարզաբանել է Ավանեսյանը։
Նախարարը, իրավաբան է կրթությամբ, ընդգծել է, որ փոփոխությունը նպատակ ունի ապահովելու պետական բաժնեմաս ունեցող բժշկական հաստատությունների ֆինանսական կայունությունը և զարգացումը։ Նա նաև հավելացրել է, որ գերատեսչությունը գնում է խոշորացման, այլ ոչ թե կազմակերպաիրավական ձևի կրճատման։
«ՀՀ-ում ոչ մի բժշկական կենտրոն կամ ամբուլատորիա չի կրճատվում, այլ խոշորացվում է։ Սա մեզ թույլ կտա ավելի արդյունավետ կառավարել, կրճատել վարչատնտեսական ծախսերը և մեր ֆինանսական ռեսուրսներն ուղղել բժշկական ծառայությունների բարձր որակի ապահովմանը՝ խուսափելով ավելորդ ծախսերից», – եզրափակել է Անահիտ Ավանեսյանը։
