Breaking
23 Apr 2026, Thu

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» դաշինքը ստորագրել են համագործակցության հուշագիր

Այսօր «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը պաշտոնապես ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Այս քայլը նպատակ ունի երկու կուսակցությունների միավորելու իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ մասնակցելու 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։

Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ՝ անվտանգության, քաղաքական և արժեհամակարգային ոլորտներում։ Այս իրավիճակը, ըստ երկու կուսակցությունների, պահանջում է համազգային համախմբում, պատասխանատվություն և հստակ քաղաքական կամք։

Համագործակցության հիմքում ընկած են մի քանի հիմնարար սկզբունքներ։ Դրանք են՝ Հայաստանի պետականության հիմնարար նշանակությունը՝ որպես ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետություն, հայ գերիների վերադարձի անվիճելի առաջնահերթությունը՝ որպես ազգային արժանապատվության վերականգնման և կայուն խաղաղության հաստատման նախապայման, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի պատմության ընթացքում, ինչպես նաև պետության և ժողովրդի միջև վստահության վերականգնման և համահայկական ներուժի արդյունավետ համախմբման անհրաժեշտությունը։

Համաձայն ստորագրված հուշագրի՝ «Ապրելու երկիր» կուսակցության մարզային կառուցվածքները կներգրավվեն «Ուժեղ Հայաստան» դաշինքի շրջանակներում՝ վերջինիս ընտրական ցուցակներում ընդգրկվելու միջոցով։

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարում է, որ ստանձնում է իր պատասխանատվությունը երկրում կատարվող փոփոխությունների ճանապարհին։

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը նախկինում հայտարարել էր, որ իրենց քաղաքական ուժը դիտարկում է համախմբման հնարավորությունը բացառապես արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ։ 2026 թվականի մարտի 31-ին Նարեկ Կարապետյանն արդեն ստորագրել էր «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ստեղծման մասին հուշագիր «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։