ԿԸՀ նախագահը հերքում է վարչական ռեսուրսի օգտագործման մասին մեղադրանքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հերքում է այն մեղադրանքները, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգտագործում է իր պաշտոնի վարչական ռեսուրսը՝ ընտրական նպատակներով։ Այս մասին նա հայտարարել է ապրիլի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Հարցին, թե արդյոք վարչապետի կողմից պետական մարմիններին տրվող հանձնարարականները, որոնք ուղղված են քաղաքացինների խնդիրների լուծմանը, կարելի է որակել որպես օրենքով արգելված «բարեգործություն», Վահագն Հովակիմյանը պատասխանել է՝ «ոչ»։ Նրա խոսքով՝ այս իրավիճակում խնդիրներ չկան։

«Մարդիկ դիմում են վարչապետին իրենց խնդիրներով, և նա, իր հերթին, ուղղորդում է նրանց համապատասխան պետական մարմիններ։ Իմ անձնական փորձից կարող եմ ասել, որ ես էլ հաճախ եմ հանդիպում նման խնդրանքների՝ փողոցներում, և իմ խորհուրդը միշտ նույնն է՝ դիմել համապատասխան մարմիններին», – նշել է նա։

ԿԸՀ նախագահը նաև մանրամասնել է, թե որտեղ է սահմանը, որի հետևում խոսքը դուրս է գալիս օրենքի շրջանակներից։ Ըստ նրա՝ խնդիր է առաջանում այն դեպքում, երբ քաղաքական գործիչները հանդիպումների ժամանակ խոստումներ են տալիս՝ առկա խնդիրները ձայների դիմաց լուծելու համար։

«Բոլոր խոստումները պետք է լինեն ներկայացված նախընտրական ծրագրում։ Այն ամենը, ինչը դուրս է գալիս այդ ծրագրի շրջանակից, ենթակա է քրեական պատասխանատվության», – ընդգծել է Վահագն Հովակիմյանը։

Նա նաև հերքել է այն լուրերը, թե ԿԸՀ-ն կարող է որևէ քաղաքական ուժին արգելել մասնակցել ընտրություններին։ Ըստ նրա՝ եթե որևէ քաղաքական կուսակցության անդամների նկատմամբ հարուցվում է քրեական գործ, դա չի նշանակում, որ կուսակցությունը պետք է արգելվի։

«Կուսակցությունների հարցը Քրեական օրենսգրքի շրջանակներում չի լուծվում։ Կուսակցությունների գործունեությունը կարգավորվում է Կուսակցությունների մասին օրենքով։ ԿԸՀ-ի կողմից քաղաքական ուժին չգրանցելը կլինի լիազորությունների գերազանցում», – բացատրել է նախագահը՝ հավելելով, որ գրանցման մերժումը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերում առկա են խնդիրներ։ Նա նաև նշել է, որ նույնիսկ այդ դեպքում ԸՕ-ն իրավունք է տալիս կուսակցությանը 48 ժամվա ընթացքում շտկել թերությունները։