Գանայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը՝ Կահիրե) պաշտոնական արարողության ընթացքում հանձնել է իր հավատարմագրերը Գանայի Հանրապետության նախագահ Ջոն Դրամանի Մահամային։
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ-ն։
Նախագահական պալատում կայացած հանդիպման ընթացքում Գանայի նախագահը ողջունելով ՀՀ դեսպանին, վերահաստատել է երկրի պատրաստակամությունը՝ ամրապնդելու երկու երկրների միջև եղած երկկողմ հարաբերությունները։ Նա հատկապես ընդգծել է համագործակցության հնարավորությունները թվային տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կրթության և նորարարության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներում։
Իր հերթին, ՀՀ դեսպանը Գանայի նախագահին փոխանցել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնները։ Նա նաև ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, ինչպես նաև զարգացնելու փոխշահավետ համագործակցություն տարբեր ոլորտներում։
Արարողության ավարտին ՀՀ դեսպանը գրառում է կատարել Գանայի Հանրապետության նախագահական պալատի պատվավոր հյուրերի մատյանում։
