Breaking
22 Jun 2026, Mon

Ծաղկաձորի ճոպանուղու հողամասի սեփականության իրավունքը վերականգնվել է պետությանը

Վարչական դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության ներկայացրած հայցը և անվավեր է ճանաչել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող ճոպանուղու տարածքի՝ 225,1 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Ինչպես հաղորդվում է Գլխավոր դատախազության կողմից, 2005 թվականի դեկտեմբերի 29-ին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Կոտայքի մարզպետի 2005 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 253 որոշման և համապատասխան պայմանագրի հիման վրա, «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» միությանը սեփականության իրավունք էր տվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 225,1 հեկտար մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ։ Այս գործողությունը իրականացվել էր «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 23-րդ հոդվածի հիման վրա։

Սակայն դատարանը նշել է, որ խնդրո առարկա հողամասը «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» միությանը տրամադրվել է հիշյալ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։ Ուստի, դատարանը եզրահանգել է, որ նշված օրենքի 23-րդ հոդվածի հիման վրա այդ հողամասի նկատմամբ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» միության սեփականության իրավունքի առաջացումը օրինական չէր։

Այս որոշումը նշանակում է, որ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Ծաղկաձորում գտնվող՝ 225,1 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։

Պատասխանողի կողմից դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։

Հարկ է նշել, որ 2005 թվականից կազմակերպության նախագահի պաշտոնը և փաստացի ղեկավարումը ստանձնել է հայ գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանը։