Հայաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը «Դելֆի տնտեսական ֆորում»-ի շրջանակում մասնակցել է «Ռազմավարական բաժանարար գծեր․ հակամարտությունների կառավարում և դիմակայունության ձևավորում Եվրոպայի արևելյան հարևանությամբ» խորագրով պանելային քննարկմանը։
Քննարկումը, որը տեղի էր ունենում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, ընթացավ Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի և Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ միասին։
Իր խոսքում Գրիգորյանը անդրադարձել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակի հիմնական մարտահրավերներին։ Նա ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության կարևորությունը՝ որպես տարածաշրջանի կայունության հիմնաքար, և նշել, որ աշխատանքներն ընթանում են դրա ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ ԱԽ քարտուղարը վստահություն է հայտնել, որ հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա։
Քննարկման ընթացքում Գրիգորյանը նաև անդրադարձել է ապաշրջափակման հարցին՝ նշելով, որ այն ոչ միայն ապահովում է տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցության նոր հնարավորություններ, այլև ստեղծում է նոր տնտեսական հնարավորություններ՝ որպես ապագա աճի և զարգացման հիմք։
Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ի նախագահի կողմից կազմակերպված հանդիպման ընթացքում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ «Խաղաղության հռչակագիր»։ Այս փաստաթղթի համաձայն՝ երկու երկրները պետք է համատեղ դիմում ներկայացնեն Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ)՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին։ Կնքված պայմանագրի մեկ այլ կարևոր կետն էլ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծումը, որը կապելու է Ադրբեջանն իր նախիջեւանյան էքսկլավի հետ։
