Իմ հայտարարությունը, որը ներկայացնում եմ այսօր, ուղղված է ոչ թե որպես քաղաքական գործիչի, այլ որպես հայի, որպես մարդու, ում կյանքն անբաժան է այս հողից, այս ջրից, այս երկրից։
Մեր կուսակցությունը արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու առաջիկա ընտրություններին։ Սա ոչ միայն քաղաքական դիրքորոշում է, այլ միասնական, կշռադատված և փաստարկված որոշում, որը հիմնված է պատմական փորձի վրա։
Երբ 2018 թվականի գարնանը իմ թիմը և ես հեռացանք պաշտոնից, մենք դա արեցինք՝ կատարելով մեր ժողովրդի կամքը։ Ութ տարի առաջ իմ հրաժարականի հայտարարության մեջ ես գրել եմ մի նախադասություն, որը տեքստի շահառուներից մեկի խմբագրման և իմ «ոխերիմ» ընկերների հաջորդիվ մանիպուլյացիայի հետևանքով փորձեցին դարձնել ինձ համար խարան։
Իմ կյանքի ընթացքում ես կատարել եմ ճիշտ և սխալ որոշումներ։ Իմ ամենաճիշտ և դժվար որոշումը «իմ իսկ խոստումը դրժելն» էր՝ 2018 թվականին վարչապետի պաշտոնում առաջադրվելը։ Ցավոք, դա նաև իմ ամենամեծ սխալն էր։ Ես չկարողացա բացատրել մեր ժողովրդին, որ իմ առաջադրման նպատակը բնավ իշխանությունը պահելը չէր, այլ Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությունը երաշխավորելը։
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ, ես չպետք է առաջադրվեի։ Իսկ ես սխալվեցի՝ կարծելով, թե կարողանալու ենք մեր ժողովրդին բացատրել, որ բանակցային բարդ իրավիճակում իմ հեռանալը հանգեցնելու է աղետի։
Ինձ համար ակնհայտ էր, որ բանակցային այդ փուլում բանակցողի փոփոխությունը, բանակցությունների պատմության զրոյացումը ողբերգական հետևանք է ունենալու։ Ոչ թե որ ես ամենալավ բանակցողն էի, այլ որ ես խորությամբ ճանաչում էի բանակցություններին մասնակցող բոլոր կողմերին, ունեի ինստիտուցիոնալ հիշողություն և գիտեի Ղարաբաղի ու հաղթանակի արժեքը՝ որպես այդ հաղթանակը կերտած, այնուհետև այն պահած թիմի անդամ։
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին։
2018 թվականին վարչապետ առաջադրվելու արդյունքում ես կորցրեցի շատ բան՝ հասկացված չլինելուց մինչև դրա հետևանքով ժողովրդի կողմից մերժում։ Բայց տարիների հեռավորությունից կարող եմ վստահ ասել՝ նորից կանցնեի այդ քավարանի միջով, որովհետև ես վստահ էի, որ այդպես կկանխենք որևէ աղետ։
Ես չկարողացա ժողովրդին բացատրել, որովհետև ժողովուրդը չէր ցանկանում լսել։ Ես «սխալ» էի՝ լինելով ճիշտ։
2018 թվականին ես առաջադրվեցի, որպեսզի երաշխավորեմ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, որպեսզի սահմաններին չլինի արյունահեղություն, ապա հրաժարական տվեցի, որպեսզի սահմանների ներսում թույլ չտամ արյունահեղություն։ Իսկ այսօր՝ իմ հրաժարականից ութ տարի անց, ժողովրդի մի ստվար մաս համարում է, որ Նիկոլի իշխանությունը կա այնքան ժամանակ, քանի դեռ նրա դեմ քաղաքական պայքարի առաջին շարքում «նախկիններն» են։
Ես ենթարկվում եմ ժողովրդի նաև այս պահանջին։ Եթե իմ և Հանրապետականի մասնակցությունն անգամ մեկ տոկոսով նպաստելու է այսօրվա վարչակազմի վերարտադրությանը, մենք հետքայլ ենք անում, որպեսզի մարդկանց հնարավորություն տանք սթափ, առանց էմոցիաների արտահայտել իրենց կամքը, իսկ մյուս ընդդիմադիր ուժերին՝ անխոչընդոտ իրականություն դարձնել ընտրություններով իշխանափոխության իրենց խոստումը։
Ես իմ ուղին սկսել եմ Արցախի ինքնապաշտպանության ուժերի ձևավորումից և իմ կյանքի ամենամեծ պատիվը համարել եմ մեր ժողովրդի հաղթանակի կերտմանը մասնակից լինելն ու այդ հաղթանակը պահպանելը։ Հանրապետական կուսակցությունն իր կառավարման շրջանում արել է ամեն ինչ՝ հանուն անվտանգ Հայաստանի և հայկական Արցախի՝ վերջին հարյուր տարվա ընթացքում հայ ժողովրդի ամենամեծ հաղթանակն արժանապատվորեն պահպանելու ու փայփայելու համար։ Անշուշտ, եղել են սխալներ ու հիասթափություններ, բայց, իմ խորին համոզմամբ, այդ սխալները ներելի ու վերականգնելի են, և դրա վկայությունն այն է, որ այսօր մենք բաց ճակատով ու մաքուր խղճով դուրս ենք գալիս մեր ժողովրդի մեջ։
Հայաստանն իր արմատից կտրած, ծնկի բերած, պարտքի մեջ թաղած ու ստով հեղեղած խմբակը պետք է հեռանա։ Այլընտրանքը սարսափելի է՝ սարսափ մեր երկրի, մեր ժողովրդի ու հաջորդ սերնդի համար։ Սարսափ է հենց իրենց համար, պարզապես իրենք չեն ցանկանում տեսնել։
