ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանի հետ՝ նպատակ ունենալով ամրապնդել երկու կառույցների միջև գործակցությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք կարևոր հարցեր, որոնք ուղղված են երկու ոլորտների՝ զբոսաշրջության և լեզվի, համակարգված զարգացմանը։ Կողմերը համաձայնել են, որ համատեղ ծրագրերի իրականացումը կարևոր դեր է խաղում երկու ոլորտների առաջընթացի համար։
Հատկապես մանրամասն քննարկվել են զբոսաշրջության ոլորտում լեզվական որակի բարձրացմանն ուղղված հնարավորությունները։ Այս համատեքստում քննարկվել են նոր զբոսաշրջային երթուղիների մշակման հնարավորությունները, ինչպես նաև զբոսավարների հայերենի իմացության գնահատման և բարելավման մեխանիզմները։
Կողմերը նաև ընդգծել են հայերենի պահպանման և զարգացման կարևորությունը՝ որպես Հայաստանի մշակութային ինքնության և միջազգային հարթակներում երկրի տեսանելիության հիմնաքար։ Նրանք համաձայնել են, որ լեզվական որակի բարձրացումը զբոսաշրջության ոլորտում կօգնի ոչ միայն բարելավել ծառայությունների որակը, այլև խթանել երկրի մշակութային ժառանգության ճանաչումը։
