Breaking
22 Jun 2026, Mon

Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը հաջողությամբ հանդես է եկել Եվրոպայում

Հունիսի 10-11-ը Բրյուսելում կայացած միջոցառումների շրջանակում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի Գործադիր ակադեմիական խորհրդի նիստին։

Միջոցառման ընթացքում Երոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության բանակի տրանսֆորմացիայի շրջանակներում ռազմական կրթության և պատրաստության ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Նրա զեկուցումը լսել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանը և ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ ռազմական կրթության ոլորտում համագործակցության համակարգող Տիգրան Հարությունյանը։

Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի ռազմական ուսումնական հաստատություններում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով համագործակցության ընդլայնման կարևորությունը, հատկապես՝ ԵՄ «Էրազմուս» ռազմական ծրագրի (EMILYO) շրջանակներում։

ՀՀ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի՝ քոլեջին որպես ասոցացված գործընկեր միանալու առաջարկն արժանացել է հավանության և ուղարկվել քոլեջի ղեկավար կոմիտեի հաստատմանը։

Բրյուսել կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է Պաշտպանական և անվտանգության համագործակցության տնօրինության ղեկավար Փիրս Կազալետի հետ՝ քննարկելու պաշտպանական ոլորտում ընթացիկ ծրագրերին և համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։