Իմ Facebook-ի էջում նշել եմ, որ Թուրքիան սահմանների բացման հեռանկարն օգտագործում է որպես խայծ՝ Հայաստանի կողմից հերթական զիջումները կորզելու համար։
Իհարկե, պաշտոնական Անկարան մինչ օրս Հայաստանի հետ ոչ մի երկաթուղի չի բացել, էլ չնախագծած սահմանի մասին, սակայն այս թեմայի շուրջ իրականացվող քարոզչական քաղաքականությունը շատ ավելի արդյունավետ գործիք է, քան սահմանի ֆիզիկական բացումը։
Այս հարցում ամեն ինչ կառուցված է կենցաղային տրամաբանության վրա։ Այդ տրամաբանությունը սնվում է «բաց սահմանը լավ է փակից», «XXI դարում փակ սահմաններ չեն լինում» և այլ անհիմն պնդումներով։ Մինչդեռ, այս քարոզչության և այդ թեզի լայն տարածման գլխավոր շահառուն Թուրքիան է։
Այս քարոզչության տրամաբանության համաձայն՝ Թուրքիայի ձեռնարկած ռազմական քայլը դիտարկվում է որպես զուտ տնտեսական և այնպիսի քայլ, որը «մեզ իրականում անհրաժեշտ է»։ Ուստի պաշտոնական Անկարան սահմանների բացման հեռանկարն օգտագործում է որպես խայծ՝ Հայաստանի կողմից հերթական զիջումները կորզելու համար։
Նրա նպատակն է հայ հասարակության մեջ պատրանք ստեղծել, թե «սահմանը շուտով կբացվի» և «մենք լավ կապրենք»։ Իրականում, սակայն, Հայաստանը շարունակում է գնալ նոր զիջումների։
Այս համատեքստում կարևոր է նաև նշել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դե ֆակտո իշխանությունները ամեն օր նոր զիջումների են գնում Թուրքիային և Ադրբեջանին, սակայն սահմանների բացման ու ճանապարհների ապաշրջափակման հարցը մնում է չլուծված։
Այս ամենի ֆոնին ես կոչ եմ արել չտրվել թուրքական քարոզչությանը՝ նշելով, որ այն վնասակար է ոչ միայն առողջության, այլև անվտանգության համար։ Իմ խոսքերը հաստատելու համար կարելի է հիշել Սիրիայի ճակատագիրը։ 2009 թվականին Սիրիայի ժողովուրդը ուրախացել էր Թուրքիայի հետ սահմանների բացմանը, որից մեկուկես տարի անց ահաբեկիչները թուրքական տարածքով և Թուրքիայի համակարգմամբ ներխուժեցին Սիրիա՝ հսկայական արաբական պետությունը ընկղմելով պատերազմի մեջ։
