ԵՄ-ն հավանություն է տվել Հայաստան նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշմանը

Եվրոպական Միության դեսպանների խորհուրդը հավանություն է տվել Հայաստան նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշմանը։ Այս մասին հայտնում է ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարի առաջարկի հիման վրա։

Առաքելության հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ։ Այն կտրամադրի ռազմավարական, գործնական խորհրդատվություն և աջակցություն երկրի նախարարություններին և անվտանգության մարմիններին։

Հրապարակված փաստաթղթում նշվում է, որ խորհրդատվությունները կկենտրոնանան մի քանի հիմնական ուղղություններով՝ քաղաքականության մշակում, տեղեկատվական արտաքին մանիպուլյացիաների, կիբերհարձակումների և անօրինական ֆինանսական հոսքերի հայտնաբերում և դրանց արձագանքում։ Առաքելությունը նաև կգնահատի Հայաստանի անվտանգային կարողությունների զարգացման համար անհրաժեշտ միջոցները՝ ապահովելով, որ երկիրը կարողանա ավելի արդյունավետ կերպով հայտնաբերել և հակազդել հիբրիդային սպառնալիքներին՝ ԵՄ մեթոդաբանություններին և չափանիշներին համապատասխան։

Այս որոշումը կայացվում է այն պայմաններում, երբ ԵՄ-ն պաշտոնապես ընդգծում է, որ իր նպատակն է «կրճատել և չեզոքացնել Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նամակ է ուղարկել Բրյուսել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան՝ խորհրդարանական ընտրություններում կրեմլյան ապատեղեկատվությանը և ռուսական միջամտությանը հակազդելու համար։ Այս կապակցությամբ հիշեցվում էր, որ ԵՄ-ն նմանատիպ՝ մոտ 20 հոգանոց խումբ էր ուղարկել Քիշնև անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Հավելենք, որ ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալասը նախկինում հայտարարել էր Հայաստանին 15 մլն եվրո հատկացնելու մասին՝ «ռուսական քարոզչությանը հակազդելու համար»։