Breaking
23 Jun 2026, Tue

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարող տնօրեն Կրիստալինա Գեորգիևան հղել է շնորհավորական ուղերձ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան շնորհավորելով Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Ուղերձում, որը հրապարակվել է ՀՀ կառավարության կողմից, Կրիստալինա Գեորգիևան նշել է, որ վարչապետի կողմից կրկին ստացած մանդատը հայ ժողովրդի վստահության արտացոլումն է։ Նա ընդգծել է, որ միջազգային անորոշության և տարածաշրջանային մարտահրավերների պայմաններում Հայաստանի կողմից երկխոսությանը, կայունությանը և խաղաղ հարաբերություններին տրվող նշանակությունը կարևոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար։

ԱՄՀ-ի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցությունը շարունակվելու է։ Նրա խոսքով՝ վարչապետ Փաշինյանի առաջնորդությունը հնարավորություն է տալիս առաջ մղելու քաղաքականության բարեփոխումներ, որոնք կնպաստեն երկրի դիմադրողականության բարձրացմանը, մակրոտնտեսական կայունության ամրապնդմանը, ներառական և կայուն աճի խթանմանը և հայ ժողովրդի բարեկեցության բարելավմանը։

Կրիստալինա Գեորգիևան նաև հայտնել է, որ ԱՄՀ-ն անհամբեր սպասում է վարչապետի կառավարության հետ իրենց գործընկերության շարունակմանը։