Breaking
24 Feb 2026, Tue

Հայաստանը վճռական քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ

Իմ ելույթի ընթացքում Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան հատվածում ես հայտարարեցի, որ Հայաստանն ու Ադրբեջանը վճռական քայլեր են ձեռնարկում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։

Մեր մտադրությունն ու տեսլականը միանշանակորեն հիմնված են այն համոզման վրա, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հենասյունը պետք է ամրապնդվի և ապահովվի անհրաժեշտ ռեսուրսներով՝ երաշխավորելու մարդու իրավունքների միջազգային իրավունքի և հումանիտար իրավունքի խախտումների կանխարգելումը, պատասխանատվությունը և դրանց կրկնության բացառումը։

Ժամանակակից աշխարհի մարտահրավերներին անդրադառնալով՝ նշել եմ, որ Հայաստանը, ինչպես շատ այլ ժողովրդավարություններ, առերեսվում է հիբրիդային սպառնալիքների հզոր ալիքի։ Այս սպառնալիքները թիրախային, համակարգված և ոչ բարեկամական արշավներ են, որոնք միտված են հասնելու հստակ նպատակների, այդ թվում՝ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների արդյունավետ իրացման նկատմամբ քաղաքացիների վստահության խաթարմանը։

Հայաստանի կառավարությունը շարունակում է իրականացնել նշանակալի բարեփոխումներ՝ իրավունքի գերակայության և մարդու իրավունքների վրա հիմնված քաղաքականություն իրականացնելով։ Այս ջանքերը արդեն իսկ տալիս են իրենց շոշափելի արդյունքները, ինչը հաստատվում է միջազգայնորեն ճանաչված ինդեքսներով։

Ազատությունն աշխարհում 2025 զեկույցի համաձայն՝ Հայաստանը ստացել է 100-ից 54 միավոր՝ բարձր ցուցանիշներ արձանագրելով քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ոլորտներում։
Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության 2025թ. զեկույցում Հայաստանը զբաղեցնում է 34-րդ հորիզոնականը՝ արձանագրելով զգալի առաջընթաց նախորդ տարվա 43-րդ տեղի համեմատ։
Գլոբալ գենդերային խզման 2025թ. զեկույցի համաձայն՝ Հայաստանն առաջատար երկրների շարքում է կանանց կրթական մակարդակի ցուցանիշով և արձանագրել է կանանց ներկայացվածության կայուն աճ քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում։

Հայաստանը շարունակում է ամրապնդել իր միջազգային հաշվետվողականության մեխանիզմները՝ անցյալ տարի գործարկելով մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ազգային մեխանիզմի թվային գործիքը՝ Հայաստանի մոնիտորինգային թվային հարթակը (AI-NEMRA)։

Հայաստանը ձգտում է էական ներդրում ունենալ միջազգային իրավունքի ամենածանր խախտումների դեմ ուղղված համաշխարհային պաշտպանական մեխանիզմների ամրապնդման գործում։ Այս համատեքստում, Մարդու իրավունքների խորհրդի ընթացիկ նստաշրջանում Հայաստանը կներկայացնի «Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ» բանաձևը՝ որպես ցեղասպանության արհավիրքին վերջ դնելու մեր ընդհանուր պարտավորության խիստ անհրաժեշտ ազդակ։

Հայաստանը և Ադրբեջանը վճռական քայլեր են ձեռնարկել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Անցյալ տարի Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթաժողովը ոչ միայն խաղաղություն հաստատեց երկու երկրների միջև, այլև ճանապարհ հարթեց առևտրի, փոխկապակցվածության և մարդկանց միջև շփումների համար։ Հայաստանը շարունակում է աշխատել՝ հասարակությունների, այդ թվում՝ տուժած բնակչության միջև իրական երկխոսության և վստահության հիմքերը սերմանելու համար։