Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մետրոյի նախատեսվող “Աջափնյակ” կայարանի հարակից տարածքի բարեկարգման համար նախաձեռնված երկփուլ մրցույթի ավարտի մասին։ Այս հայտարարությունը կատարվել է փետրվարի 23-ի աշխատանքային նիստի ընթացքում։
Ըստ քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանի, նախաորակավորման փուլում իրենց առաջարկները ներկայացրել են 7 միջազգային և տեղական ընկերություններ։ Դրանցից որակավորում են անցել երկու։
Մրցույթի հաջորդ փուլը նախատեսված է մարտի 3-ին, որտեղ որակավորված ընկերությունները կներկայացնեն իրենց մանրամասն առաջարկները։ Այնուհետև կամփոփվեն արդյունքները, կհաստատվի տեխնիկական առաջադրանքը, կանցկացվեն բանակցություններ, և կկնքվի պայմանագիր։
«Մենք ակնկալում ենք, որ աշխատանքները կսկսենք հունիսի կեսերից», – նշել է Անետա Բաբայանը։
Ըստ նրա, մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հայեցակարգային քաղաքաշինական լուծումներ՝ սահմանված շառավղով հարակից տարածքի զարգացման համար։ Բացի այդ, նրանք պետք է մշակեն բիզնես-քեյս, որը կներառի ներդրումային փաթեթ՝ հողի արժեքի գնահատմամբ, վերլուծությամբ և ներդրումային մոդելով։ Այսպիսով, մրցույթի մասնակիցները միաժամանակ կներկայացնեն նախագծի նախնական էսքիզային առաջարկը և տեխնիկատնտեսական հիմնավորումը։
