Հայաստանում ցավով ստացվել է լուրը, թե 102 տարեկան հասակում վախճանվել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, հայ ժողովրդի փառապանծ զավակներից մեկը, լեգենդար ճակատագրի մարդ՝ «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Արտաշեսի Պետրոսյանը։
Պետրոս Արտաշեսովիչը ծնվել է 1923 թվականի դեկտեմբերի 19-ին։ 1941 թվականին, դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, նա կամավոր միացել է Կարմիր բանակի շարքերին։ 1942 թվականից մինչև պատերազմի ավարտը՝ 1945 թվականը, Պետրոս Պետրոսյանը մարտնչել է ռազմաճակատներում՝ ցուցաբերելով խիզախություն և բացառիկ տոկունություն։
Որպես հրետանային դիվիզիոնի գումարտակի հրամանատար՝ նա զգալի ներդրում է ունեցել Ուկրաինայի, Մոլդովայի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի և Չեխոսլովակիայի ազատագրման գործում։ Պետրոս Պետրոսյանը մարտերում երեք անգամ վիրավորվել է, սակայն ամեն անգամ վերադարձել է շարքերին՝ հասնելով մինչև Բեռլին։
Հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների համար Պետրոս Արտաշեսովիչն արժանացել է 100-ից ավելի պարգևների, այդ թվում՝ «Կարմիր աստղ» և «Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի» շքանշանների, ինչպես նաև «Մարտական ծառայության» և «Հետախուզությունում ակտիվ գործողությունների համար» մեդալների։
Պետրոս Պետրոսյանի կյանքի հիշողությունները ամփոփված են 2014 թվականին լույս տեսած «Էջեր հետախույզի կյանքից» գրքում։ Նույնիսկ թոշակի անցնելուց հետո նա շարունակել է ակտիվ հասարակական գործունեությունը՝ մինչև 90 և ավելի տարիքը ղեկավարելով Հայաստանի վետերանների միությունը։
