Փետրվարի 18-ի երեկոյան Երևանում տեղի ունեցավ ծանր հետևանքներով միջադեպ, որը իր դրվագներով հիշեցնում է մարտաֆիլմի կադրեր։
Ժամը 16:00-ի սահմաններում իրավապահ մարմիններն ստացան հաղորդում Աբելյան 9 հասցեում հնչած կրակոցների և վիրավորների առկայության մասին։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Քննչական կոմիտեի քննիչները։
Տեղում անմիջապես ժամանել է ոստիկանության գրեթե ամբողջ ղեկավարությունը՝ ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ։
Ինչպես պարզվել է, ստացված տեղեկությունը հավաստի էր։ Դեպքի վայրից հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել 10 քաղաքացու։
Քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով հրազեն պահելու և օգտագործելու փաստի առթիվ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի դանակ և Lexus մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են փամփուշտի հետքեր։ Ոստիկանությունը պարզում է տուժածների և հայտնաբերված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։
