Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) դիմումը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության այն կարգավորմանը, որը սահմանափակում է չվճարված կենսաթոշակի գումարի վճարման ժամանակահատվածը։
Իր դիմումի մեջ ՄԻՊ-ը վիճարկում է այն պահանջը, որի համաձայն, եթե կենսաթոշակի վճարումը դադարեցվել է, ապա չվճարված գումարը կարող է վճարվել միայն այն ժամանակահատվածի համար, որը նախորդում է դիմելու կամ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու համար հիմք հանդիսացող տեղեկատվությունը ստանալու ամսվանը։
Պաշտպանը կարծում է, որ այս կարգավորումը հակասում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքին։ Ըստ ՄԻՊ-ի՝ պետության կողմից սեփականության իրավունքի ցանկացած միջամտությունը, այդ թվում՝ կենսաթոշակի վճարման իրավունքի սահմանափակումը, պետք է լինի օրինական, կանխատեսելի, համաչափ և ուղղված ընդհանուր շահին։
«Սեփականությունից զրկումը, որպես առավել խիստ միջամտություն, կարող է կիրառվել միայն բացառիկ դեպքերում և օրենքով հստակ ամրագրված պայմաններով»,- նշում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
ՄԻՊ-ը նաև ընդգծում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայուն իրավական դիրքորոշումներով հաստատվում է, որ սեփականության իրավունքը հանդիսանում է սահմանադրական հիմնարար իրավունքներից մեկը, որի սահմանափակումը հնարավոր է միայն օրենքով ամրագրված կարգով։
Այսպիսով, Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ գործող օրենսդրությունը ստեղծում է իրավիճակներ, երբ անձը, թեև օրենքով ունի կենսաթոշակ ստանալու իրավունք, բայց զրկվում է իրեն հասանելիք կոնկրետ ժամանակահատվածի համար նախատեսված կենսաթոշակից։ Այս խնդրին բախվում են բազմաթիվ քաղաքացիներ, որոնցից շատերը դիմել են ՄԻՊ-ին՝ իրավիճակի լուծում գտնելու նպատակով։
