Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ թիմակիցներ, տիկնայք և պարոնայք,
Այս իշխանության կառավարման 8 տարիների ընթացքում մենք ապրել ենք պատերազմ, կրել զոհեր, ապրել ավերածություններ, խայտառակություն, դավաճանություն և թալան։ Նրանք դավադրաբար հանձնեցին Արցախը և ստեղծեցին գոյաբանական խնդիրներ Հայաստանի համար, քանի որ այլ բան չեն կարողանում անել։ Նույնիսկ եթե ցանկանան դրական արդյունքներ ապահովել, նրանք չեն կարողանա, քանի որ պարտված, Ալիևի կողմից նվաստացված, աշխարհաքաղաքական պատանդի կարգավիճակում գտնվող իշխանությունը դատապարտված է պարտության՝ իր հետ պարտություն տանելով մեր երկիրն ու մեր ժողովրդին։ Սա ստի ու կեղծիքի, դեմագոգիայի ու պոպուլիզմի իշխանություն է։
Սիրելի՛ ժողովուրդ, այսօր մենք շատ լուրջ մարտահրավերներ ունենք։ Վտանգված է Հայաստանի ապագան։ Այս վտանգը պայմանավորված է ոչ թե օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ գործոններով՝ օրվա պարտված իշխանության վարած քաղաքականությամբ։ Հայաստանի վերացման օբյեկտիվ նախադրյալները գրեթե զրոյական են։ Մենք համոզված ենք, որ կա հնարավորություն իրական անվտանգություն և երաշխավորված խաղաղություն ապահովելու համար։ Թող չվախեցնեն մեր ժողովրդին պատերազմով ու նոր զոհերով։ Պատերազմն ու զոհերն իրենք են բերել և բերում։ Մեր բերելիքը խաղաղությունն ու զարգացումն է լինելու։
Ամոթ է, որ այս իշխանությունն այսքան մնացել է։ Սա քաղաքագիտական նոնսենս է։
Հարգելի՛ հայրենակիցներ, առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևորագույն նշանակություն են ունենալու։ Մեր երկիրը կարիք ունի նոր առաջնորդության, նոր գաղափարների, նոր էջի։
Նրանք առաջարկում են թուրք–ադրբեջանական օրակարգով խաղաղություն, որն արցախյան սցենարի կրկնություն է նախատեսում։ Մենք սրանց բերած գերեզմանային խաղաղության փոխարեն ապահովելու ենք իրական ու երաշխավորված խաղաղություն։ Դա հնարավոր է տնտեսության զարգացմամբ, մեր բանակի վերականգնմամբ, բնական դաշնակիցների հետ ռազմավարական հարաբերությունների հաստատմամբ, հանրության մեջ արհեստականորեն ներմուծված ատելության մթնոլորտի վերացմամբ։
Այժմ անդրադառնանք առաջիկա ընտրություններին։ Այս ընտրություններին պետք է մոտենալ որպես Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության պահպանման հանրաքվեի։ Բոլորս պատասխանելու ենք հետևյալ հարցերին՝
ուզում ենք լինի Հայաստանի Հանրապետությու՞ն, թե՞ «արևմտյան Ադրբեջան»,
ուզում ենք երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Ալիևի կամքից կախված ժամանակավոր կամ շոու–հրադադար,
ուզում ենք աղքատության հաղթահարում հանրության լայն շերտերի՞, թե՞ իշխող նեղ խմբի գրպաններում։
Այս տարի պետք է դառնա գործող վարչախմբի հեռացման տարի։ Պարտության խորհրդանիշը պետք է հեռացվի, որպեսզի մեր երկիրը շունչ քաշի, մեջքն ուղղի ու կյանք ստանա։
Հարգելի՛ քաղաքացիներ, իդեալականն այն կլիներ, որ ընդդիմադիր ուժերն այս ընտրություններին մասնակցեին մեկ միասնական ճակատով։ Քաղաքական դաշտի բոլոր դերակատարներն էլ գիտեն, որ «Մայր Հայաստանը» ներդրել է իր ջանքերը, որպեսզի միասնականության գաղափարը կյանքի կոչվի, սակայն ոչ մեր մեղքով այդ ամենը տեղի չունեցավ։
Հիմա մենք ելնում ենք այլ մեկնակետից՝ փորձելով ամեն դեպքում առավելագույն համախմբում ապահովել։ Այս համատեքստում «Մայր Հայաստանը», քննարկումների և երկխոսության արդյունքում դրական գնահատելով Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած և արդեն իսկ հանրության տարբեր շերտերի կողմից հավանության արժանացած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է հենց այդ ծրագրով՝ «Բարգավաճ Հայաստանի» հետ միասնաբար։
«Առաջարկ Հայաստանին» ծրագիրն առանձնանում է նրանով, որ գրվում է ոչ թե կաբինետներում, այլ դրան մասնակցում են հանրության տարբեր հատվածներ՝ երիտասարդներն ու բիզնեսի ներկայացուցիչները, ուսուցիչներն ու բժիշկները, քաղաքաբնակներն ու գյուղաբնակները։ Ծրագիրն այդ առումով դառնում է ժողովրդական, քանի որ շարքային քաղաքացիները կա՛մ խնդիրների մասին են բարձրաձայնում, կա՛մ կոնկրետ առաջարկներով հանդես գալիս։ Եվ նրանց ձայնը լսելի է դառնում։ Եթե սրան ավելացնում ենք նաև մասնագիտական շրջանակների ներգրավվածությունը, ապա «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը դառնում է իշխանությունների առաջարկածի թիվ մեկ այլընտրանքը։
«Մայր Հայաստանն» իր գաղափարներով ու լուծումներով հարստացնելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը՝ դառնալով համահեղինակ։ Առաջիկայում մենք ոլորտ առ ոլորտ կներկայացնենք մեր առաջարկները՝ անցնելով քաղաքից քաղաք, գյուղից գյուղ
