Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերը հղել է շնորհավորական ուղերձ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ուղերձում, որը հրապարակվել է ՀՀ կառավարության կողմից, Բարտ դե Վևերը Բելգիայի կառավարության անունից ջերմորեն շնորհավորում է վարչապետ Փաշինյանին՝ ընտրություններում տարած հաղթանակի և հայ ժողովրդի կողմից իրեն վստահության վերահաստատման առիթով։
Բելգիայի վարչապետը նշում է, որ այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց են տվել հայ ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և ինստիտուտներին։ Նա գովեստի խոսքեր է հղում Հայաստանի քաղաքացիներին՝ ժողովրդավարական գործընթացներին իրենց լայն մասնակցության և երկրի ապագայի նկատմամբ ցուցաբերած հավատի համար։
Բարտ դե Վևերը հիշում է մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպումը, որը, նրա խոսքով, հիանալի հնարավորություն է ընձեռել վերահաստատելու Բելգիայի և Հայաստանի միջև բարեկամությունը և երկու երկրների համատեղ հանձնառությունը խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Նա նաև ջերմությամբ է հիշում Երևանում Բելգիայի դեսպանատան մեր համատեղ բացումը՝ որպես իրադարձություն, որն արտացոլում է երկկողմ հարաբերությունների խորացումը և Բելգիայի երկարաժամկետ հանձնառությունը Հայաստանի նկատմամբ։
Բարտ դե Վևերը հայտարարում է, որ ակնկալում է շարունակել մեր համագործակցությունը՝ մասնավորապես՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության աջակցության գործում։ Նա նաև վերահաստատում է Բելգիայի հանձնառությունը Հայաստանի հետ իր գործընկերության ամրապնդմանը և համագործակցության խորացմանը տարբեր ոլորտներում, ինչպիսիք են քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, նորարարությունը, կրթությունը և մարդկանց միջև փոխանակումները։
