Breaking
21 Jun 2026, Sun

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու կալանավորվել է ընտրակաշառք տալու համար

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ԱԺ պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն կալանավորվել է՝ 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու կասկածանքով։

Քրեական վարույթի շրջանակում, որը նախաձեռնվել է հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու բազմաթիվ դեպքեր։

Համաձայն փաստական տվյալների՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու պայմանով, Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք է տվել։ Ընտրողների մի մասը, որպես խումբ, նախնական համաձայնությամբ ստացել է տարբեր դրամական միջոցների չափով ընտրակաշառքներ։

Նախաքննության ընթացքում պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք տալը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։