Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մայիսի 13-ին տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում կնքվել է երկարաձգման մասին նոր հուշագիր։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանն ու ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ)՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Թիգանը ստորագրել են փաստաթուղթը, որը կգործի ևս երեք տարի։
Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ նախորդ հուշագրի գործողության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների համար կազմակերպվել է 7 մասնագիտական վերապատրաստում և անցկացվել է շուրջ 30 մասնագիտական քննարկում։ Այս ծրագրերի հաջող իրականացումը հնարավոր է դարձել Հայաստանում ԱՄՆ դեսպանության՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի շարունակական աջակցության շնորհիվ։
ՀԴԲ-ի իրավական կցորդ Ալեքսանդր Թիգանը նշել է, որ հուշագրի երկարաձգումը կնպաստի երկու կառույցների միջև համագործակցության խորացմանը և դրա արդյունավետության բարձրացմանը։ Նա վերահաստատել է, որ ՀԴԲ-ն շարունակելու է աջակցել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կոռուպցիոն հանցագործությունների դեմ իրականացվող աշխատանքներին։
Արմեն Ասատրյանը կարևորել է երկու կառույցների միջև գործընկերային կապերի շարունակական զարգացումը՝ հույս հայտնելով, որ այս համագործակցությունը կնպաստի օրենքի գերակայության ամրապնդմանը, արդարության ապահովմանը և հանրային վստահության բարձրացմանը։
Հիշեցնենք, որ նախորդ հուշագիրը ստորագրվել էր 2022 թվականի հունիսին՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Մուշեղ Բաբայանի Վաշինգտոն կատարած պաշտոնական այցի շրջանակներում։ Այն նպատակ ունի ապահովելու նմանատիպ գործառույթներ ունեցող երկու հաստատությունների միջև ուղիղ հաղորդակցություն, տեղեկատվության փոխանակում և համագործակցություն կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում։
