Հայաստանի սահմանապահները ուսումնական այց կատարեցին ԱՄՆ

Հայաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների խումբ վերջերս այցելել է Միացյալ Նահանգներ՝ ԱՄՆ դեսպանատան Արտահանման հսկողության և սահմանների անվտանգության (EXBS) ծրագրի շրջանակում։

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում հայ սահմանապահները հանդիպել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի և Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության (CBP) գործընկերների հետ։ Այս հանդիպումների ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները։

Խմբի այցելության ընթացքում նրանք ծանոթացել են ԱՄՆ-ի սահմանային ծառայության աշխատանքին՝ հատկապես Մեքսիկայի հետ սահմանին։ Ուսումնական այցի շրջանակում նրանք այցելել են Վաշինգտոն (Կոլումբիայի շրջան), Էլ Պասո (Տեխաս նահանգ) և Արտեզիա (Նյու Մեքսիկո նահանգ) քաղաքներ, ինչպես նաև ԱՄՆ Սահմանային պարեկության ակադեմիա։

Այս այցը նպատակահարմար էր ծառայության աշխատակիցների համար՝ ստանալու փորձ և ավելի խորը իմացություն սահմանային անվտանգության ոլորտում։