Սիրելի՛ հայ ժողովուրդ,
Այսօր, երբ մենք հիշում ենք մեր հազարավոր հայրենիքների զոհերի, մեր հիշողությունը դառնում է ավելի ցավալի, քանի որ ականատես ենք դառնում մի իրողության, որը հայ ժողովրդի համար անհավատալի է։
Մենք սերունդներն ենք այն հայերի, որոնց վրա 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կողմից իրականացվեց մարդկության դեմ ուղղված ամենածանր հանցագործությունը՝ ցեղասպանությունը։ Մենք ականատեսն ենք այն իրողության, երբ մեր երկրի ղեկավարները հայտարարում են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։
Սա մոռացում է կամ անտեսում է մի կարևոր հանգամանք․ մեր ժողովուրդի պատմական հիշողությունը, որը մեր գենետիկ կոդի մեջ է, մնում է անխախտ։ Այն հարատև է, իսկ նրանց նման թույլերը գալիս ու անցնում են։
Մենք հստակ գիտակցում ենք, որ չենք կարող փոխել մեր աշխարհագրությունը կամ մեր հարևաններին։ Հայաստանի տնտեսության սրընթաց զարգացումն այլ տարբերակ չունի, ուստի մենք կողմ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու կայունությանը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա, առանց մեր պատմական ճշմարտության և ազգային արժանապատվության զիջման։
Այն ազգը, որը չունի հիշողություն, նման է արմատներ չունեցող ծառի, որը շատ կարճ ժամանակում ջարդվում է։ Բայց մենք այդ ազգը չենք։ Մենք նման ենք այն հազարամյա կաղնուն, որի արմատները շատ խորն են հողի մեջ։ Մենք ամուր կառչած ենք մեր հողին։
Պատմությունը մեզ այլ տարբերակ չի թողնում։ Մենք տեսել ենք, որ երբ թույլ ենք ու գլխիկոր, մեզ վրա հասած չարիքները ավելի են սաստկանում։ Հենց այդ թույլ և ապիկար իշխանությունների օրոք էլ ականատես եղանք մեր երկրորդ հայրենիքի՝ Արցախի կորստին։
Մենք այլևս թույլ չենք տա, որ մեզ կոտորեն։ Ուժեղ և խոհեմ ղեկավարը հենց նա է, որ կանխատեսում է ողբերգությունը և կանխարգելում այն, ոչ թե պատահածը մեկնաբանում ու փորձում արդարացումներ գտնել։
Այսօր Սփյուռքի մեր հայրենակիցների հետ ձեռք ձեռքի ենք տալիս և մեր առջև դնում մեկ նպատակ՝ ունենալ Ուժեղ Հայաստան։ Մենք այլևս թույլ չենք լինելու։
