Breaking
25 Apr 2026, Sat

Հայաստանի թիմը բրոնզե մեդալ նվաճեց Մենդելեևյան միջազգային քիմիայի օլիմպիադայում

Ապրիլի 15-23-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ քիմիայի Մենդելեևյան հոբելյանական 60-րդ միջազգային օլիմպիադան։ Այս տարվա մրցույթը կազմակերպվել էր երեք փուլով՝ երկու տեսական և մեկ փորձնական։

Օլիմպիադային մասնակցել են 37 երկրից ավելի քան 200 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացրել են երկու աշակերտ՝ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի սան Միքայել Ալեքսանյանը և «Քվանտ» վարժարանի սան Հայկ Հարությունյանը։ Թիմի ղեկավարի պարտականությունները կատարել է Գիտությունների ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակից, քիմիայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանը։

Մրցույթի արդյունքներով հայաստանյան թիմից Միքայել Ալեքսանյանը արժանացել է բրոնզե մեդալի։

Հիշեցնենք, որ նախորդ՝ 59-րդ Մենդելեևյան օլիմպիադան, որն անցկացվել էր Բրազիլիայում, Հայաստանի թիմին բերել էր մեկ արծաթե մեդալ։