ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի նախկին խորհրդականի կողմից կատարված խարդախության փաստի առթիվ։
Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ, որոնց համաձայն՝ Վ.Ա.-ն, օգտվելով համայնքի ղեկավարի բացակայությունից, 2021 թվականի հուլիսի 13-ին կեղծ որոշումներ է կազմել Գյուլագարակում գտնվող 8 հողամասերի հիմքերի վերականգնման և դրանք իր ծնողին՝ Ա.Մ.-ին փոխանցելու վերաբերյալ։
Այնուհետև Ա.Մ.-ն, օգտագործելով 2021 թվականի նոյեմբերի 25-ի թվագրմամբ կեղծ որոշումները, ձեռք է բերել սեփականության իրավունք 8 հողամասերի նկատմամբ։ Իր հերթին, Վ.Ա.-ն, օգտագործելով դեկտեմբերի 15-ին իր և Ա.Մ.-ի միջև ստորագրված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերը, սեփականության իրավունք է ձեռք բերել նույն 8 անշարժ գույքերի նկատմամբ՝ 4 միլիոն 250 հազար 400 դրամ արժողությամբ։ Այսպիսով, խարդախությամբ հափշտակվել են հողամասերը։
Բացի այդ, 2021 թվականի սեպտեմբերի 13-ին Վ.Ա.-ն պատրաստել է նաև վերոնշյալ հողամասերի հատակագծերը, որոնցում կեղծ գրառումներ են կատարվել Գյուլագարակ համայնքի ղեկավարի հաստատման համար նախատեսված տեղերում։ Կեղծ ստորագրություն է դրվել Մ.Գ.-ի անվան դիմաց, ով այդ պահին համայնքի ղեկավար չէր, իսկ համայնքի ղեկավարի կնիքի փոխարեն օգտագործվել է Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակցի կնիքը։
Քրեական վարույթի շրջանակում Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախություն) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծված փաստաթղթեր, կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։
Նախաքննության ընթացքում հողամասերը վերադարձվել են համայնքին։
