Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսին կատարելիք այցի ընթացքում կստորագրի ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագիր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարին առընթեր Եվրոպայի հարցերով պատվիրակ-նախարար Բենժամեն Հադադը։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում, որի ընթացքում Հայաստանը կդառնա Եվրոպայի յուրօրինակ կենտրոն, տեղի կունենա նախագահ Մակրոնի առաջին այցը մեր երկիր։ Ըստ դիվանագետի՝ այս միջոցառումը կնպաստի երկու երկրների միջև առանցքային պատմական, մշակութային և տնտեսական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև պաշտպանության ոլորտում համագործակցության խորացմանը։
«Նախագահ Մակրոնն ու վարչապետ Փաշինյանը կստորագրեն համաձայնագիր, որը մեզ ավելի կմերձեցնի», – նշել է Հադադը։ Նա հավելել է, որ այս գագաթնաժողովից հետո տեղի կունենա ԵՄ-Հայաստան գագաթնաժողով, որը կամրապնդի Եվրամիության և Երևանի միջև գոյություն ունեցող համագործակցությունը։
Ֆրանսիացի դիվանագետը համոզմունք է հայտնել, որ այս իրադարձությունները կարևոր հանգրվան կլինեն Ֆրանսիայի և Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններում։
Հադադը նաև ընդգծել է, որ Ֆրանսիան արդեն ընդլայնել է Հայաստանի հետ համագործակցության մակարդակը պաշտպանական ոլորտում՝ ինչպես սպառազինության մատակարարման, այնպես էլ խորհրդատվությունների տրամադրման առումով։ «Մենք Երևանում մեր դեսպանատուն ենք ուղարկել մեր ռազմական կցորդին։ Նախագահ Մակրոնի համար սա առաջնային ուղղություններից մեկն է», – ասել է նա՝ նշելով պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։
Այս իրենց առաջին այցի ընթացքում Բենժամեն Հադադը ևս անգամ հաստատել է Ֆրանսիայի ժողովրդի հիշողության և համերաշխության ցուցանիշը՝ այցելելով Հայոց Ցեղասպանության թանգարան։ «Դա շատ կարևոր և շատ հուզական փորձ էր։ Դեռ այն տարիներին այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունն անտարբեր չէր թողել բազմաթիվ ֆրանսիացիների ու եվրոպացիների, ովքեր գրել են կատարվածի մասին», – ամփոփել է նա։
