Ապրիլի 14-16-ը Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար, օլիմպիական կոմիտեի նախագահ Միխայիլ Դեգտյարևի հրավերով Հայաստանի օլիմպիական կոմիտեի (ՀՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Մոսկվա։
ՀՀ և ՌԴ սպորտային ղեկավարները հանդիպել են, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև սպորտի զարգացման հեռանկարները։ Կողմերը անդրադարձել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններին և միջազգային մարզական հարթակներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։
Միխայիլ Դեգտյարևը ջերմորեն շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին՝ Եվրասիական մարզական ասոցիացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ Նա նշել է, որ այս հարթակը կարող է նպաստել տարբեր երկրների մարզական պոտենցիալի խորացմանը։
Գագիկ Ծառուկյանը իր հերթին նշել է, որ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահությունը նոր հնարավորություններ է բացում համագործակցության խորացման համար։ «Հայաստանը պատրաստ է լինել կամուրջ Եվրոպայի, Ասիայի և Ռուսաստանի միջև՝ սպորտում առկա խնդիրների քննարկման և արդար լուծումներ գտնելու հարցում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ սպորտը պետք է դուրս մնա քաղաքականությունից, քանի որ քաղաքական գործընթացների հետևանքով տուժում են մարզիկները և սպորտի զարգացումը։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության խորացումը և պայմանավորվել, որ նմանատիպ հանդիպումները կդառնան շարունակական՝ ի նպաստ օլիմպիական գաղափարների տարածման և համաշխարհային սպորտի զարգացման։
