Հայաստանյան հոգևոր իշխանությունները հայտարարություն են տարածել՝ կապված ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող գործողությունների հետ, որոնք, ըստ նրանց, խոչընդոտում են Հայոց Եկեղեցու առաքելությունը։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հորդորում է ՀՀ արդարադատության նախարարությանը հարգել օրենքը և ընդունված եկեղեցական կարգը՝ վերականգնելով քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը։
Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ Քրեակատարողական ծառայության պետի ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր։ Այս քայլը, ըստ Մայր Աթոռի, փաստացի դադարեցրել է Եկեղեցու հոգևոր ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում։
Հայտնի է, որ ՔԿՀ պետը, շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր։ Այս գործողությունը Մայր Աթոռը որակում է որպես իշխանությունների հերթական թիրախավորված և հակաեկեղեցական արշավ՝ սահմանափակելու օրենքով երաշխավորված Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում։
Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի 10-րդ հոդվածը, ինչպես նաև «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածը, ակնարկում են, որ հոգևոր ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում իրականացվում է ոչ թե անհատ քահանայի, այլ Հայոց Եկեղեցու կողմից։
Մայր Աթոռը նշում է, որ նման գործելակերպը կոպիտ միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին և կազմաքանդում է Եկեղեցու կանոնակարգված հովվական ծառայությունը։ Այն դարձնում է անհատական նախաձեռնություն և վարչական կամայականություն։
Հայտնի է, որ տարիներ շարունակ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող հոգևոր ծառայությունը եղել է Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությունը՝ միտված ազատազրկված անձանց հոգևոր խնամքին, ապաշխարությամբ նրանց վերափոխմանը և հասարակություն արժանապատիվ վերադարձին։
