Breaking
24 Feb 2026, Tue

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող բռնաճնշումները

ՀՀ գլխավոր դատախազության կողմից Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ հարուցված քրեական գործի կապակցությամբ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հայտարարություն է տարածել՝ ամենավճռական ձևով դատապարտելով Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող բռնաճնշումները։

Այս գործողությունները, որոնք նոր սահման են հատել, կապված են Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հարուցված ապօրինի դատական հետապնդումների հետ, որոնք հիմնված են փաստերի վրա, որոնք ակնհայտորեն վերաբերում են հոգևորականության բացառիկ իրավասությանը։

«Հայոց Եկեղեցու գերագույն առաջնորդի և նրա հիերարխիայի դեմ ուղղված քաղաքական բնույթի այս արշավը հայ ազգային ինքնության կարևորագույն հենասյուներից մեկի անթույլատրելի խախտումն է։ Այն թուլացնում է ողջ ազգը՝ հայրենիքից մինչև Սփյուռք, նրա հոգում ստեղծելով ներքին պառակտում, որով կարող են ուրախանալ միայն նրա հակառակորդները։ Այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը բախվում է արտաքին լուրջ սպառնալիքների, նա չի կարող իրեն թույլ տալ նման տեսակի առճակատում, որը նույնքան անարժան է, որքան կործանարար իր միասնության և բարոյական ուժի համար», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

CCAF-ը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ողջ կառավարությանը համախմբվել և անհապաղ վերջ դնել Ստալինյան դարաշրջանի պրակտիկան և մեր պատմության ամենամութ ժամերը հիշեցնող այդ անկարգություններին։

Սփյուռքյան կազմակերպությունը պահանջել է անհապաղ վերանայել Ամենայն հայոց Կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և նրա քարտուղարի նկատմամբ կայացված անօրինական որոշումները։ Ֆրանսիայի CCAF-ը Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ին և Հայ Առաքելական Եկեղեցուն հավաստում է իր հարգանքը, լիակատար զորակցությունն ու համերաշխությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին հայտնի դարձել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ՝ կարգալույծ Արման Սարոյանի հայցով դատական ակտը չկատարելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Ավելի վաղ համանման մեղադրանքներ էին ներկայացվել Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամների և խորհրդի քարտուղարին։