Breaking
24 Feb 2026, Tue

ՀՀ ՏԿԵՆ-ը հերքում է ճանապարհաշինության ֆինանսավորման վերաբերյալ լրատվական պնդումները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) հերքում է լրատվամիջոցների կողմից տարածված այն պնդումները, թե ճանապարհների ասֆալտապատման ֆինանսավորման գործընթացում տեղի է ունեցել խոշոր գումարի յուրացում։

Համաձայն լրատվամիջոցների հաղորդագրությունների, Հաշվեքննիչ պալատի կողմից ՏԿԵՆ-ի գործունեության վերաբերյալ կատարված ստուգման արդյունքում պարզվել է, թե ճանապարհաշինության աշխատանքների իրական ծախսերը կազմել են 51.1 մլրդ դրամ, մինչդեռ դրանք պետական բյուջեում ներկայացվել են 52.4 մլրդ դրամի չափով՝ 1.3 մլրդ դրամի տարբերությամբ, որը, ըստ այդ կայքի, յուրացվել է։

Այս պնդումը հիմնված է Հաշվեքննիչ պալատի հաշվետվության վրա, սակայն ՏԿԵՆ-ը պնդում է, որ այն սխալմամբ է մեկնաբանվել։

Նախարարության ներկայացուցիչները նշում են, որ 2024 թվականին ճանապարհային աշխատանքների համար իրականում վճարվել է 52.4 մլրդ դրամ։ Այս գումարը բաղկացած է երկու հիմնական մասից․ 51.1 մլրդ դրամը՝ 2024 թվականին կատարված աշխատանքների դիմաց, և 1.3 մլրդ դրամը՝ նախորդ տարվա կատարած աշխատանքից պահված 5%-ների գումարների դիմաց։

ՀՀ ՏԿԵՆ-ը պարզաբանում է, որ 2024 թվականի հաշվետվության մեջ այս 1.3 մլրդ դրամը չի դիտարկվել որպես տարեսկզբի կրեդիտորական պարտք, այլ հաշվառվել է որպես տվյալ տարվա կատարված աշխատանք, քանի որ վճարումները կատարվել են 2024 թվականի ընթացքում։ Ընդ որում, նշված գումարը չի եղել չծախսված, այլ պետբյուջեում հաշվառված միջոցներ, որոնք հետագայում ենթակա են եղել վճարման։

ՏԿԵՆ-ը նաև նշում է, որ Հաշվեքննիչ պալատը նույն փաստաթղթում նշել է, որ առկա է անհամապատասխանություն, որի կապակցությամբ նախարարությունը տվել է պարզաբանում։ Ըստ նախարարության՝ փաստաթղթերով ձևավորված իրական ծախսերի և Հ-2 հաշվետվությամբ փաստացի ծախսերի միջև որևէ անհամապատասխանություն չկա։

Ի վերջո, նախարարությունը նշում է, որ տարեվերջին պարտքի գումարն արդեն իսկ ճշգրտվել է, ինչը նույնպես արձանագրված է Հաշվեքննիչ պալատի կողմից հրապարակված փաստաթղթում։ ՏԿԵՆ-ը կարծում է, որ լրատվամիջոցի կողմից այս փաստի անտեսումը վկայում է տեղեկատվության սխալ մեկնաբանման և անտեսման մասին։