Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ կընդունի Եվրոպայի մեծահասակների հրաձգության առաջնությունը, որը կմեկնարկի փետրվարի 27-ին։ Առաջնությանն ընդառաջ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը և հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը հանդիպում են կազմակերպել լրագրողների հետ՝ ներկայացնելու համար կատարված աշխատանքները։
Նախարար Անդրեասյանը առաջնության անցկացումը որակել է որպես պատմական իրադարձություն հայկական սպորտի համար։ Նրա խոսքով՝ այն հնարավորություն կտա հետևել մարզիկների հաջող ելույթներին և տեսնել նրանց պատվո հարթակին։ «Մեր մարզիկներն ունեն ներկայացուցիչներ գրեթե բոլոր մրցաձևերում»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ հուսով է՝ մրցումային օրերին համալիրում մեծ թվով հանդիսականներ կտեսնի։ Նա նաև տեղեկացրել է, որ տոմսերը վաճառվում են տարբեր հարթակներում, և բոլոր ցանկացողները կարող են դրանք ձեռք բերել։
Հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ հավաքականը լիովին պատրաստ է առաջնությանը։ Նա նշել է, որ Եվրոպայի կոնֆեդերացիայի գործընկերների աջակցությամբ իրականացվել է մեծ աշխատանք՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Իր հերթին, հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանը չի մնա անմասն մեդալներից։ Նա նաև ընդգծել է, որ Եվրոպայի առաջնության անցկացումը առաջին քայլն է հրաձգության մարզաձևի և դրա ենթակառուցվածքների զարգացման ճանապարհին։
